Կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի շրջանակներում «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ն սույն թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին երկու սեմինար-խորհրդակցություն է կազմակերպել ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի գործառույթները, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները։
«Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վռամ Թևոսյանը, մասնակիցներին ողջունեց և ներկայացրեց իրենց կազմակերպությունը, «Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի շրջանակներում իրենց պարտականություններն ու ռազմավարությունները: Այնուհետև նա ներկայացրեց կլիմայի փոփոխության ազդեցությունը Երկրի վրա, կլիմայական ֆինանսավորման ինչպես նաև Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հետ փոխգործակցության հնարավորությունները։
Հաջորդիվ, «Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի շրջանակներում համագործակցող միջազգային փորձագետ Պավել Չինչերան ներկայացրեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հիմնական սկզբունքները և նպատակները։ Նաև մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու, ֆինանսական գործիքակազմի /դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ և կապիտալ ներդրումներ/, ինչպես նաև հիմնադրամի օժանդակությամբ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Արդյունքում` ծավալվեց շահագրգիռ քննարկում: