Կանաչ Կլիմայի Հիմնադրամը համագործակցում է հավատարմագրված կազմակերպությունների հետ` ծրագրեր իրականացնելու նպատակով: Հավատարմագրման համար, անհրաժեշտ է  կապ հաստատել տվյալ երկրի Ազգային Լիազոր Մարմնի /ԱԼՄ/ հետ, որն էլ համակարգում է Հիմնադրամի հետ ամբողջ համագործակցությունը, այդ թվում նաև՝ հավանություն տալիս հայտերին ինչպես նաև հաստատում յուրաքանչյուր կլիմայական նախաձեռնություն «Չեմ առարկում» նամակների միջոցով։ ՀՀ Բնապահպանության նախարարությունն առաջադրել է «ԲԾԻԳ» ՊՀ-ին ԿԿՀ-ում հավատարմագրվելու համար։ «ԲԾԻԳ» ՊՀ  հայտը ներկայացրել է 2017թ-ի օգոստոս ամսին և այժմ հավատարմագրման գործընթացը հաջողությամբ մոտենում է ավարտական փուլին:

Հավատարմագրումը հիմնադրամի հետ համագործակցելու եղանակներից մեկն է: Այն խստապահանջ և բազմափուլ գործընթաց է, ուստի հարկավոր է նախապես պլանավորել և նախապատրաստվել գործընթացին։

Առաջին հերթին` կազմակերպությունը պետք է իրավական կարգավիճակ ունենա։

Երկրորդ` կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան ֆիդուցիար ստանդարտներ, բնապահպանական ուղեցույցներ և սոցիալական ուղեցույցներ,ինչպես նաև՝ գենդերային կանոնակարգեր և ընթացակարգեր:

Երրորդ` կազմակերպությունը պետք է կարողանա ցուցադրել, որ այդպիսի գործելակարգի կիրառման փորձ ունի, ուստի կարող է համապատասխանել Հիմնադրամի չափանիշներին:

Հավատարմագրվել կարող են ենթազգային, ազգային, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներից։

Եթե ենթազգային, ազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունը հայտ է ներկայացրել հավատարմագրման համար, նախ պետք է  կապ հաստատել տվյալ երկրի Ազգային Լիազոր Մարմնի /ԱԼՄ/ հետ, որը համակարգում է Հիմնադրամի հետ ամբողջ համագործակցությունը,այդ թվում նաև՝ հավանություն տալիս հայտերին։ Հայտերն ընդունվում են Հիմնադրամի առցանց հավատարմագրման համակարգի միջոցով: Հիմնադրամի քարտուղարությունը ստուգում է հայտի ամբողջականությունը, և պահանջվող փաստաթղթերի առկայությունը՝ հավատարմագրման համար պահանջվող մուծումը կատարելուց հետո: Սա առաջին փուլն է:

Հաջորդ փուլն իրականացվում է անկախ տեխնիկական փորձագիտական  հանձնաժողովի կողմից, որն ուսումնասիրում է կազմակերպության հայտը: Կախված ներկայացված փաստաթղթերի որակից ու ամբողջականությունից, հանձնաժողովը կարող է իրականացնել հարցազրույցներ կամ այցելել հայտատու կազմակերպություն՝ ստուգելու համար, թե արդյոք կազմակերպությունը կարող է հավատարմագրվել:

Գնահատումն ավարտելուց հետո հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում ԿԿՀ խորհրդին, որն էլ կայացնում է վերջնական որոշումը:

Երրորդ փուլը իրավական կարգավորումների փուլն է, որի ընթացքում կազմակերպությունը և ԿԿՀ-ն կնքում են հավատարմագրման Գլխավոր Պայմանագիրը:

Այս պայմանագիրը կազմակերպության և Հիմնադրամի իրավական հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթն է: